«Ասես սովորական ներարկում լինի». Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորները պատմել են իրենց ինքնազգացողության մասին

17:05 • 26.06.20

ՌԴ պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով իրականացվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորներն իրենց լավ են զգում։ Նրանց մոտ որևէ բարդացում կամ կողմնակի ազդեցություն չկա, գրում է «Красная звезда» թերթը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրենց վիճակի մասին պատմել են հենց կամավորները:

 

«Ես անգամ չեմ զգացել, թե ինչպես են պատվաստանյութը ներարկել․ կարծես թևին արված սովորական ներարկում լիներ։ Որևէ ախտանշան չկա․ մարմնիս ջերմությունը նորմալ է՝ 36․6, անգամ գլուխս չի ցավում։ Ասում էին, թե ախորժակ չեմ ունենալու, բայց ավելի շատ եմ ուտում, քան նախկինում։ Ներարկման տեղում միայն մի կետ է մնացել, որևէ ցավային զգացողություն չկա»,- նշել է նրանցից մեկը։

Մնացած մասնակիցները նույնպես հայտնել են, որ չնայած իրենց զգուշացրել էին հնարավոր փոփոխությունների՝ ջերմության, ճնշման բարձրացման, ներարկման տեղում բորբոքային պրոցեսի, կարմրելու մասին, իրենց մոտ որևէ բան պատվաստումից հետո չի փոխվել։  

Հայտնի է, որ Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից անցկացվող այս փորձարկումներն իրականացվում են Մոսկվայի Բուրդենկոյի անվան գլխավոր զինվորական հոսպիտալում։ Կամավորների առաջին խմբին պատվաստանյութը ներարկել են հունիսի 18-ին, մեկ շաբաթ անց պատվաստվել է ևս 20 մարդ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի այլ փորձարկումներ էլ տեղի են ունենում Սեչենովի անվան համալսարանում, սակայն այս պարագայում այլ տեսակի դեղամիջոց է օգտագործվում։ Այսպիսով՝ զինվորական հոսպիտալում հեղուկ պատվաստանյութ են փորձարկում, իսկ համալսարանում՝ փոշու տեսքով։ Երկու դեղամիջոցներն էլ միջմկանային եղանակով են ներարկվում կամավորներին։

Փորձարկման մասնակիցները պատվաստանյութը ստանալուց հետո ստացիոնարում 28 օր են մնալու։ Դեղամիջոցի հետազոտությունները ծրագրվում է ավարտել հուլիսի վերջին։