ԱՄՆ-ում ցանկանում են Վաշինգտոնը դարձնել երկրի 51-րդ նահանգը. Ներկայացուցիչների պալատում այսօր սպասվում է այս հարցով քվեարկություն

10:00 • 26.06.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր` հունիսի 26-ին, կքվեարկի երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի կարգավիճակը որոշելու հարցով, այն առաջարկվում է դարձնել երկրի 51-րդ նահանգը:

Ներկայում Վաշինգտոնը վարչական տեսանկյունից հանդիսանում է Կոլումբիայի դաշնային շրջան, որը որևէ նահանգի մաս չէ:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը նահանգ դարձնելը կշտկի առկա անարդարությունը:

«Վաղը (հունիսի 26-ին) մենք կշտկենք այդ անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը»,-մեջբերում է խոսնակին Fox News հեռուստաալիքը:

Նախաձեռնության հեղինակները դեմոկրատ կոնգրեսականներն են, Փելոսին նույնպես ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը:

Նրանք պնդում են, որ մայրաքաղաքի բնակիչները բարեխղճորեն կատարում են իրենց քաղաքացիական պարտավորությունները, բայց չեն կարողանում ընտրել իրենց ներկայացուցիչներին դաշնային կոնգրեսում:

Ինչ վերաբերում է օրինագծի հեռանկարին, ապա սպասվում է, որ այն կհաստատվի ստորին պալատում, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, և կմերժվի Սենատում, որը գտնվում է հանրապետականների հսկողության ներքո: Սպիտակ տանը հայտարարել են, որ ամեն դեպքում օրինագծի նկատմամբ վետո են դնելու: