Անպայման չէ՝ Երևանում ծնվես, որ լինես բնիկ երևանցի, եթե խնդիր լինի այլ տեղում, կբարձրաձայնեմ. Հրանտ Թոխատյանը՝ գույքահարկի բարձրացման օրենքի դեմ ֆլեշմոբի մասին

12:32 • 27.06.20

Պետք չէ ֆլեշմոբի մասնակիցներին հրավիրել և բացատրել, լավ կլինի՝ օրենքի նախագծի հեղինակները պարզաբանում տան բնակչությանը՝ ինչ են իրենք պատրաստվում անել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի՝ հասարակական գործիչների ու արվեստագետների «Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» ֆլեշմոբին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկին՝ հանդիպել և քննարկել հուզող հարցերը:

«ԱԺ նիստում հնչեցին տարբեր կարծիքներ, բայց որևէ մեկն իրեն նեղություն չտվեց ազգաբնակչությանը բացատրել՝ գույքահարկը ինչպե՞ս է բարձրանալու, ինչպե՞ս է ազդելու յուրաքանչյուրի բյուջեին, ո՞ր բնակարաններին է վերաբերում. եթե դա պայքար է դղյակների դեմ, ուրիշ բան, կարող են առանձին պայքարել, բայց եթե գույքահարկի համընդհանուր բարձարցում է, արդեն խնդիր կա»,-ասաց Թոխատյանը:

Դիտարկմանը, թե «Իմ քայլը»-ից Վարազդատ Կարապետյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, հարց է բարձրացրել՝ տեղյա՞կ են, թե Կառավարությունը որքան գումար է հատկացնում Երևան համայնքին, որ քաղաքի հատկապես կենտրոնը լինի այնպիսին, ինչպիսին կա, Հրանտ Թոխատյանը արձագանքեց․«Իսկ ինչո՞ւ են քաղաքի կենտրոնում աշխատանքներն ավելի շատ, քան հարակից տարածքներում»:

«Օրինակ՝ ինչքան լավ է, որ ճանապարհները վերանորոգվել են, մարդկանց հանգիստ տանում ես որևէ հեռավոր տեղ, էլ խորդուբորդ ճանապարհներով չես անցնում: Ինչ վերաբերում է նրան, թե մարզաբնակները որոշ դեպքերում ավելի շատ ծախսեր են կատարում, օրինակ՝ մանկապարտեզներ և այլն, ապա յուրաքանչյուրն իր հնարավորության չափով փորձում է օգնել մարզերին: Բայց կարելի է գույքահարկը բարձրացնելու փոխարեն ուրիշ մեխանիզմներ մտածել: Հնարավոր է չէ՞ խորհրդակցել: Երբ քեզ դնում են փաստի առաջ, սկսում ես մտածել՝ վաղը դժվար է լինելու, որ մարդիկ չկարողանան վճարել, ի՞նչ է սպասվում»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ոչ մի ամպագոռգոռ բան չկա, ուղղակի բոլորին էլ հետաքրքրում է իրենց վաղվա օրը:

Դիտարկմանը, թե ֆլեշմոբի մասնակիցներին քննադատում են, որ ընտրել են «Ես բնիկ երևանցի եմ» արտահայտությունը, Թոխատյանն արձագանքեց.

«Մինչև հիմա, երբ մարդիկ բարձրաձայն, պարզ ճակատով ասում են՝ ես գյումրեցի եմ, ես դիլիջանցի եմ, վանաձորցի եմ, ստեփանակերտցի եմ (հիմա մեր բոլոր քաղաքները կարելի է թվարկել), բոլորս էլ մեծ հաճույքով լսում ենք: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ անպայման չէ՝ Երևանում ծնվես, որ լինես երևանցի կամ բնիկ երևանցի: Կարող ես գալ ու մեկ տարում ավելի շատ լինել բնիկ երևանցի, քան հազար բնիկ երևանցիներ, որոնք Երևանում ծնվել, մեծացել են, բայց այսօր այս քաղաքի «ղադրը» չգիտեն: Դրա մասին է խոսքը: Ուղղակի որոշեցինք այս անգամ երևանցիներով խոսել, բայց նույն կերպ, եթե վաղը այդ խնդիրը լինի Գյումրու, Վանաձորի, Ստեփանավանի կամ մեկ այլ քաղաքի դեպքում, ես նույն կերպ իմ մասնակցությունը կունենամ»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

Հարցին՝ օրենքի վերաբերյալ մինչ այս հանրային լսումների մասնակցե՞լ է, Թոխատյանը պատասխանեց, որ ոչ, բայց մեկ այլ հարցով հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

«Քննարկել ենք անկախ արվեստագետների կարգավիճակը, որովհետև որևիցե կարգավիճակ այսօր մարդիկ չունեն, երեք ամսից ավել մարդիկ չեն աշխատում, բայց քննարկումն էլ մնաց կիսատ, պետք է շարունակեինք ԱԺ-ում՝ Մխիթար Հայրապետյանի հետ: Պետք է լուծում գտնեն այդ հարցին, որովհետև եթե այսպես շարունակվի, դժվար է լինելու»,-հայտնեց նա։

ՀՀ ժողովրդական արտիստը հարց բարձրացրեց՝ ինչու որևէ մեկը մինչև հիմա չբարձրաձայնեց՝ բա մեր անկախ արվեստագետները, որոնք պետական համակարգում չեն աշխատում, ո՞նց են ապրում 3,5 ամիս, ինչով են զբաղված: «Որևէ մեկը հետաքրքվե՞լ է դրանով՝ սկսած ընթերցողներից ու այսօր ստատուս գրողներից՝ վերջացրած այն հիմնարկներով, որոնք պետք է դրանով զբաղվեն, կամ չզբաղվեն՝ ասելով՝ դուք անկախ եք, գնացեք, ոնց ուզում եք, ձեր գլուխը պահեք: Բայց ինչ-որ լուծում հարցին պետք է տրվի»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին:

Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ: