Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

18:42 • 27.06.20

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է արձանագրվել, ևս մեկ հիվանդ, որի մոտ ավելի վաղ «Քովիդ-19» էր ախտորոշվել, ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ մեջբերելով կառավարական StopCov կայքում հրապարակված տվյալները:

Փետրվար 26-ից մինչ օրս Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 921 դեպք: Վիրուսով պայմանավորված համաճարակի ողջ ընթացքում մահացել է 14 մարդ: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 781 մարդ, այսինքն՝ վարակակիրների 84.8 տոկոսը: Ներկա պահին հատուկ հիվանդանոցներում բուժումը շարունակում է 126 մարդ:

Կարանտինում գտնվում է 2687 մարդ, իսկ բժիշկների վերահսկողության տակ ստացիոնար պայմաններում՝ 207 մարդ:

Հիվանդությունների և հասարակական առողջության վերհսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հունիսի 26-ի դրությամբ Վրաստանում ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտության է ենթարկվել ավելի քան 98 400 մարդ: ՊՇՌ թեստերի ընդհանուր քանակը կազմել է մոտ 103 000: