ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են 2021-ի բյուջեի ռազմական ոլորտին հատկացնել 732 մլրդ դոլար

23:55 • 27.06.20

Պենտագոնի բյուջեն 2021 թվականի ֆինանսական տարում, որը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին, կկազմի 732 մլրդ դոլար՝ 8.5 մլրդ դոլարով պակաս այն թվից, որը փետրվարին պահանջում էր Վաշինգտոնը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին ասվում է ռազմական բյուջեի նախագծում, որը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցով հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը:

Նշվում է, որ արտասահմանում իրականացվելիք արշավների համար դեմոկրատ կոնգրեսականը 69 մլրդ դոլար է հատկացրել: Անցած տարի նա 733 մլրդ դոլար էր առաջարկել:  

Ռազմական բյուջեի նախագծում առաջարկվում է նաև Ազգային անվտանգության հիմնադրամ ստեղծել, որը կոչված կլինի բարձրացնելու երկրի կարողությունն ապագա համավարակներին դիմագրավելու և հետևանքները վերացնելու համար: Հիմնադրամի աշխատանքներին կուղղվի 1 մլրդ դոլար:

Սմիթը նախատեսում է ռազմական գծով գիտատեխնիկական հատվածին հատկացնել 600 մլն դոլար:

Նախատեսվում է 3.58 մլրդ դոլար հատկացնել Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում ԱՄՆ ԶՈւ ներկայության օպտիմիզացման համար: