Սոբչակը հայտնել է, որ իրեն և իր նկարահանող խմբին ծեծի են ենթարկել վանական համալիրում (տեսանյութ)

19:02 • 27.06.20

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտնել է, որ իր և իր նկարահանող խմբի վրա հարձակում է իրականացվել Սրեդնեուրալսկի վանական համալիրում:

Ինչպես փոխանցում է EADaily-ն, Սոբչակի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել վանքում՝ երեխաներին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի հետաքննության համար նյութեր հավաքելու ընթացքում:

«Մեզ վրա հարձակում է տեղի ունեցել վանքում: Երկու մարդ ծեծի է ենթարկվել: Տեսախցիկը խլել են: Ինձ հրել են այնպես, որ ընկել եմ, ծեծել են Սերյոժային: Ոստիկանություն ենք կանչել: Բոլոր նյութերը վերցրել են», - գրել է հաղորդավարուհին իր Telegram-ալիքում, ինչպես նաև տեսագրել իր խոսքը մինչ սպասում էին ոստիկանության ժամանելուն:

Սոբչակը նշել է, որ իր օգնականը հասցրել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են սկսել ծեծի ենթարկել իր գործընկերներին և խլել տեսախցիկը: Նրանք ծեծի են ենթարկել նաև վանքի նախկին սպասավորներից մեկին, որը լրագրողներին պատմել է այն գործի մասին, որը նրանք հետաքննում են:

Ավելի ուշ ողջ պատմությունը Սոբչակը ներկայացրել է դեպքի վայր ժամանած իրավապահներին: Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն հայտարության հետ կապված: