ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրում 51-րդ նահանգ ստեղծելու օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը գտնվում է դեմոկրատների վերահսկողության տակ, հավանություն է տվել մայրաքաղաքային Կոլումբիայի շրջանին նահանգի կարգավիճակ տալու մասին օրինագծին:
Ինչպես հայտնում է The New York Times-ը, այժմ Կոլումբիա շրջանը հավակնում է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը:
Օրինագիծը պետք է քննարկվի նաև Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները: Հաշվի առնելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է այս գաղափարին, ենթադրվում է, որ Սենատը, դժվար թե, այն հաստատի:
Հանրապետականները տարիներ շարունակ դեմ են հանդես եկել նոր նահանգ ստեղծելու առաջակին, քանի որ մայրաքաղաքային շրջանի բնակիչներն առավել նախապատվություն են տալիս դեմոկրատներին, ինչը նշանակում է, որ նախագահական ընտրություններում նրանք ձայները տալու են հենց դեմոկրատ թեկնածուներին:
Ավելի վաղ Թրամփն իր հարցազրույցներից մեկում այս հարցի առնչությամբ հայտարարել էր, որ «այդպիսի բան երբեք տեղի չի ունենա»:










