Ամերիկյան 5 նահանգում կորոնավիրուսով վարակման 24-ժամյա ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել
Ամերիկյան նահանգներից առնվազն հինգը հայտնել են ուրբաթ օրը կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշի մասին՝ մեծացնելով վարակման դեպքերի ավելացման շուրջ մտահոգությունը, որն արդեն ստիպել է նահանգներից շատերին մի կողմ դնել տնտեսությունը վերաբացելու միտքը:
Ինչպես հայտնում է CNN-ը, խոսքը Ֆլորիդա, Ջորջիա, Այդահո, Թենեսի և Յուտա նահանգների մասին է: Ըստ տեղի առողջապահության հարցերով գերատեսչությունների տվյալների՝ վերջին մեկ օրում վարակման ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել:
Ֆլորիդայում, օրինակ, այդ ցուցանիշը հասել է 8938-ի: Նշվում է, որ երկրի ողջ տարածքում արձանագրված ցուցանիշը ևս աճել է՝ հասնելով շուրջ 40 000-ի: Ընդհանուր առմամբ, 33 նահանգում արձանագրված տվյալները բարձր են նախորդ շաբաթվա ցուցանիշներից:
Վերաբացման ծրագրերից հրաժարվել են Տեխասը, Ֆլորիդան, Արիզոնան, Արկանզասը, Դելավերը, Այդահոն, Լուիզիանան, Մենը, Նևադան, Նյու Մեքսիկոն և Հյուսիսային Կարոլինան: Համաճարակի բռնկման պահից ի վեր ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրոսով վարակման ավելի քան 2.5 մլն դեպք, մահվան՝ 127 673:










