ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշով նոր հակառեկորդ է գրանցել, մինչդեռ երկրի փոխնախագահը հայտարարել է «հրաշալի առաջընթացի» մասին
ԱՄՆ-ում ուրբաթ օրը կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 45 242-ով․ սա համավարակի սկզբից երկրում գրանցված օրական ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է Reuters գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այդպիսով ԱՄՆ-ում վարակակիրների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 2,48 միլիոնը։ Վարակման ամենաբարձր ցուցանիշներն այս շաբաթ գրանցվել են Այդահո, Արիզոնա, Վայոմինգ, Ջորջիա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Միսուրի, Նևադա, Օկլահոմա, Թենեսի, Տեխաս, Ֆլորիդա և Հարավային Կառոլինա նահանգներում։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ընդգծել է, որ կորոնավիրուսի նոր վարակման դեպքերի թվի աճ է գրանցվել 16 նահանգում, իսկ 34-ում վարակի տարածման տեմպը կայունացել է։
Միևնույն ժամանակ Փենսը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում «հրաշալի առաջընթացի» են հասել։ Փոխնախագահի խոսքով՝ երկրում նվազում է մահացության ցուցանիշը։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 9,9 միլիոն մարդ, որից 496 991-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը։










