Ֆրանսիայում ՏԻՄ ընտրությունների` կորոնավիրուսի պատճառով հետաձգված երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 28-ին
Ֆրանսիայում ՏԻՄ ընտրությունների՝ կորոնավիրուսի պատճառով հետաձգված երկրորդ փուլը կանցկացվի կիրակի՝ հունիսի 28-ին, հայտնում է РИА Новости-ն:
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ իշխանությունները զգուշացրել են քվեարկության ժամանակ սոցիալական հեռավորություն պահպանելու և անվտանգության կանոններին խստորեն հետևելու անհրաժեշտության մասին. թե ընտրողները և թե ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրատեղամասերում պարտադիր պետք է դիմակ կրեն:
Ընտրությունների առաջին փուլում, որը մարտի 15-ին էր անցկացվել, ավելի քան 30 հազար կոմունայում քաղաքապետեր և քաղաքային խորհուրդներ էին ընտրվել: Երկրորդ փուլն ավելի քան 5 հազար կոմունայում է անցկացվելու, որին շուրջ 16 միլիոն ընտրող է մասնակցելու:
Չնայած առաջին փուլի՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման սկզբում անցկացվելուն, ընտրողների մասնակցության ցուցանիշը ռեկորդային ցածր էր եղել՝ 44,3%: Երկու օր անց Ֆրանսիայում ինքնամեկուսացման ռեժիմ էր սահմանվել: Այժմ անցկացվող երկրորդ փուլում ընտրոների շատ ավելի ցածր ակտիվություն է սպասվում. ըստ Ifop ինստիտուտի իրականացրած սոցհարցումների՝ քվեարկության գնալու մտադրություն ունի քաղաքացիների միայն 38%-ը:










