Սպիտակ տունն արժանահավատ չի համարում New York Times-ի այն հրապարակումը, թե ռուսները խրախուսել են թալիբներին Աֆղանստանում հարձակվել ամերիկացի զինվորականների վրա
New York Times-ի այն հրապարակումը, թե Ռուսաստանը հավանաբար խրախուսել է թալիբներին Աֆղանստանում հարձակվել ամերիկացի զինվորականների վրա, Սպիտակ տանն արժանահավատ չեն համարում. ո՛չ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ո՛չ էլ փոխնախագահ Մայք Փենսը նման տեղեկատվություն չեն ստացել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Թրամփի աշխատակազմի մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին հայտնել է, որ ամերիկյան հետախուզությունից ամեն օր հազարավոր հաղորդագրություններ են ստացվում, որոնք խիստ վերահսկողության տակ են գտնվում: «Թեև Սպիտակ տունը սովորաբար չի մեկնաբանում հետախուզության ենթադրյալ տվյալների մասին տեղեկությունները, սակայն թե՛ ԿՀՎ ղեկավարը, թե՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և թե՛ Գլխավոր շտաբի պետքը կվկայեն, որ ոչ նախագահին, ոչ էլ փոխնախագահին նման բովանդակությամբ տեղեկատվություն չի զեկուցվել»,-նշել է Մաքինանին:
Ավելի վաղ New York Times պարբերականը, հղում անելով ԱՄՆ հետախուզության իր անանուն աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, թե ռուսական ռազմական հետախուզությունը ենթադրաբար պարգևատրում է խոստացել թալիբների հետ փոխկապակցված գրոհայիններին՝ Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինվորականների վրա հարձակվելու դիմաց: Տեղեկությունը հավաստող որևէ ապացույց պարբերականը չէր հրապարակել:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունը Վաշինգտոնից պահանջել էր ադեկվատ արձագանքել այն սպառնալիքներին, որոնք կեղծ լուրերի պատճառով հասցեագրվում են ռուս դիվանագետներին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն New York Times-ի հրապարակած տեղեկությունը ֆեյք էր համարել:
Ավելի ուշ «Թալիբան» շարժումը ևս հերքել էր, թե ռուսական կողմից գումար է ստացել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների վրա հարձակումներ կատարելու համար:










