Իշխանական պատգամավորներն անտեսում են առողջապահության նախարարի հորդորն ու շարունակում են այցելել սրճարաններ. լուսանկարներ

19:50 • 28.06.20

Իշխանական պատգամավորներն անտեսում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը և շարունակում են այցելել սրճարաններ:

Այս առնչությամբ  «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է սրճարանում նստած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մանթաշյանը լուսանկարին կից հիշեցրել է առողջապահության նախարարի կոչը և գրել.

«Սա իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, այսօր, հիշեցնեմ մի քանի ժամ առաջ առողջապահության նախարարի կոչը:
Ու դուք լուրջ մտածում եք, որ կարող ա ինչ որ մեկը ձեզ լուրջ ընդունի, ձեր սահմանափակումները նույնիսկ դուք չեք պահում...»:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր էլ՝ Տաթև Վարդանյանը, հրապարակել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համատեղ լուսանկարը՝ կրկին արված այն ժամանակ, երբ նրանք ռեստորանում են:

Օգտատերը, դիմելով նախարար Արսեն Թորոսյանին, գրել է. «Երբ քաղաքացիներից պահանջում եք պահպանել առողջապահական կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր ու հատկապես ռեստորաններ, սրճարան, ծնունդ, քեֆ, իսկ այցելելուց դիմակը հանել միայն ու միայն ուտելու ընթացքում, ցանկալի կլիներ, որ ձեր հորդորին առաջին հերթին հետևեին և այդ կերպ հանրությանը օրինակ ծառայեին ձեր թիմակից ընկերները։ Առավել ևս, երբ նրանք օրենսդիր մարմնի այսպես կոչված կարկառուն ներկայացուցիչներն են։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, նույն ինքը հայոց համազգային աներձագ Հակոբյան Հրաչը հենց հիմա Pesto սրճարանում։

Ամոթ է, ամաչեք…»:

Նույն լուսանկարը հրապարակել էր նաև օգտատեր Վարդգես Կարապետյանը՝ գրելով. «Սա Pesto սրճարանն է: Արսեն Թորոսյանի ինքնակամ, ես կասեի՝ ինքնագլուխ lockdown-ի կոչից հետո ԱԺ փոխնախագահն ու պատգամավոր-աներձագը օրինակ են ծառայում բակերում նարդի խաղացողների համար»:

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, անդրադառնալով գիտակցված լոքդաունի վերաբերյալ նախարարի կոչին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը ևս 2 երիտասարդների հետ դրսում է, դիմակը չի կրում առողջապահական ցուցումներին համապատասխան: Լուսանկարում պատգամավորի դիմակը իջեցված է:

«Էս չի՞ ձեր աներձագ երեսփոխանը: Բա էլ ո՞նց հանրությունը վստահի ձեր իշխանությանն ու կամավոր լոքդաուն անի...

Հետո էլ զարմանում եք, թե ինչի ժողովուրդը չի լսում Նիկոլին ու դիմակ չի կրում: Նիկոլին նույնիսկ սփական երեսփոխան աներձագը լուրջ չի վերաբերվում»,- գրել է նա:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ խոսել էր ոչ պարտադրված լոքդաունի մասին, որտեղ վերջինս թվել է, թե որոնք են անհրաժեշտ է գիտակցված լոքդաունի պահանջներ:

«Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք»,- ի թիվս այլ պահանջների գրել էր նախարարը: