Լեհաստանում հունիսի 28-ի առավոտյան սկսվել են նախագահական ընտրությունները

10:29 • 28.06.20

Հունիսի 28-ի առավոտյան Լեհաստանում բացվել են ընտրական տեղամասերը, երկրում նախագահական ընտրություններ են տեղի ունենում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին) և կփակվեն 21:00-ին (Երևանի ժամանակով 23:00): Ընտրատեղամասերի փակվելուց հետո կներկայացվեն  exit poll-ի առաջին տվյալները:

Լեհաստանում նախագահը ընտրվում է համընդհանուր գաղտնի քվեարկությամբ: Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 30 միլիոն ընտրող: Ընտրությունների անցկացման համար բացվել է շուրջ 27 000 ընտրատեղամաս, այդ թվում` արտերկրում:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով քվեարկությունը խառը ձևաչափով է անցկացվում. ընտրատեղամաս այցելել չցանկացող ընտրողները կարող են քվեարկել փոստի միջոցով:

Լեհաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու. երկրի ներկայիս ղեկավար, իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան, «Քաղաքացիական կոալիցիա» ընդդիմադիր միության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին, «Լեհաստանի գյուղացիական կուսակցության» թեկնածու Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը, «Ձախ ուժերի միավորման» թեկնածու Ռոբերտ Բեդրոնը, անկախ թեկնածու Շիմոն Հոլովնյան, «Ազգայնականների և եվրոսկեպտիկների միավորում համադաշնության» թեկնածու Քշիշտոֆ Բոսակը, «Նոր աջերի կոնգրես» կուսակցության թեկնածու Ստանիսլավ Ժուլտեկը, «Դաշնություն Լեհաստանի Հանրապետության համար» կուսակցության թեկնածու Մարեկ Յակուբյակը, «Իրական Եվրոպա շարժում» կուսակցության թեկնածու Միրոսլավ Պիատրովսկին, ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, անկուսակցական թեկնածու Պավել Տանայնոն և Աշխատանքի միության ղեկավարձախ հայացքներով քաղաքական գործիչ Վալդեմար Վիտկովսկին:

Ավելի վաղ ընտրությունները նշանակվել էին մայիսի 10-ին, սակայն քաղաքական վեճերը հանգեցրել էին նրան, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում իշխանությունները չհասցրեցին պատրաստվել ընտրությունների անցկացմանը: Իշխող «Իրավունք և արդարություն» և նրա դաշնակից «Համաձայնություն» կուսակցությունները որոշեցին մայիսի 10-ին ընտրություններ չանցկացնել: Պետական ընտրական հանձնաժողովը ընտրությունները չկայացած էր ճանաչել: