Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել խոր ճգնաժամում գտնվող ժողովուրդների համար, հատկապես՝ սիրիացիների համար

18:51 • 28.06.20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Սիրիայի հարցով կայանալիք համաժողովի հաջող ընթացքի, ինչպես նաև խոր հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Եմենի բնակչության, Ուկրաինայի՝ ուժեղ ջրհեղեղից տուժած արևմտյան շրջանների բնակիչների համար:

«Հունիսի 30-ին կկայանա ՄԱԿ-ի և Եվրամիության 4-րդ համաժողովն՝ ուղղված «Սիրիայի և տարածաշրջանի ապագայի աջակցմանը»: Աղոթենք այդ կարևոր հանդիպման համար, որպեսզի այն կարողանա բարելավել սիրիացի ժողովրդի և հարևան ժողովուրդների դրությունը, հատկապես լիբանանցիների իրավիճակը՝ ելնելով խոր սոցիալ-քաղաքական և տնտեսական ճգնաժամից, որն առավել շատ է սրվել համավարակի պատճառով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է քահանայապետը Վատիկանում ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ:

«Մտածեք. կան երեխաներ, որոնք քաղցում են, որոնք ուտելու ոչինչ չունեն: Թող ղեկավարներն ունակ լինեն խաղաղության հասնելու: Հրավիրում եմ աղոթելու նաև Եմենի բնակչության համար: Այս դեպքում ևս նախևառաջ երեխաների համար, որոնք տառապում են խոր հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես նաև նրանց համար, որոնք տուժել են Ուկրաինայի արևմուտքում տեղի ունեցած ջրեղեղներից»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:

Սիրիայի հարցով հանձնաժողովը, որն անցկացվում է Եվրամիության և ՄԱԿ-ի հովանու ներքո, կկայանա 4-րդ անգամ: Ակնկալվում է 83 պատվիրակությունների մասնակցություն՝ 53 երկրից: