Սփյուռքում նկատում ենք, որ Հայաստանում կա լուրջ ներքաղաքական բևեռացում, դա հարցականներ է առաջացնում. Արա Գոչունյան

21:33 • 29.06.20

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները միշտ էլ Սփյուռքում անմիջական հետաքրքրության առարկա են դառնում, սփյուռքյան լրատվամիջոցները, որոնք դրսից բացված մի պատուհան են և ունեն իրենց ուրույն մոտեցումները, դրանք լուսաբանում են մանրամասնորեն:

Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Սփյուռքը սկզբունքորեն Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների կողմը չէ: Սփյուռքը Հայաստանի ներքին կյանքի դեպքում մի բանին է կողմ՝ պետականության հզորացմանը»,- ասաց նա:

Արա Գոչունյանը նկատեց, որ Հայաստանը 30 տարի ի վեր ժողովրդավարական կարգերով է կառավարվում և իր ժողովրդավարությունը կառուցել է բավականին բարդ պայմաններում:

«Մենք, երբ հիշում ենք Հայաստանի անկախության ժամանակաշրջանի մարտահրավերները, տեսնում ենք, թե այդ ընթացքում հայ ժողովուրդը, հայոց պետականությունը որքան հետևողական են եղել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ. իսկ ժողովրդավարությունն իր բնույթով պարտադրում է հակադիր ուժերի պայքար. իշխանափոխություններ են լինում, և այդ իշխանափոխության հետևանքներն են լինում․ կառույցները նոր իրավիճակներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է զգացվում»,- ասաց նա:

Արա Գոչունյանը միաժամանակ նշեց, որ վերջին շրջանում ժողովրդավարական վայրիվերումներից զատ, իրենք Սփյուռքում նկատում են, որ Հայաստանում կա լուրջ ներքաղաքական բևեռացում:

«Այսօր աշխարհում ժողովրդավարությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնում, որովհետև սրանից առաջ աշխարհում հիմնական գերտերությունը ԱՄՆ-ը էր, և այն երկրագնդի վրա ժողովրդավարության առաքյալի դերակատարմամբ էր հանդես գալիս: Այսօր աշխարհը վերածվել է բազմաբևեռի, և այդ պայմաններում առաջատար դերակատարները միջազգային հարթակում որևէ ժողովրդավարության ուղղությամբ տարվող քայլերով հանդես չեն գալիս»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը կարիք ունի ժողովրդավարության, որովհետև իր հնարավորություններով այն սահմանափակ է, և պատերազի վտանգ ունի. «Եվ երբ պատերազմ է բռնկվում, արդեն հայ ժողովուրդը միասնական լինելու անհրաժեշտություն ունի»,- նկատեց նա:

Արա Գոչունյանը նշեց նաև, որ ինքը նպատակ չունի Հայաստանյան քաղաքական ուժերից մեկին համակրելու, մյուսին՝ հակակրելու, ցանկությունն է, որ բևեռացված պայմաններում մարդկանց համար գերնպատակը լինի ժողովրդավարության, հայկական պետականության հզորացումը:

«Պետք է հասկանալ, որ աշխարհի տասը միլիոն հայի համազգային ժառանգության պահպանման միակ ապավենը այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է: Սփյուռքը հարգում է Հայաստանի քաղաքացու ընտրությունը,

Սփյուռքը միշտ ձգտում է, որ Հայաստանն ունենա կենսունակ տնտեսություն, որպեսզի իր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումով այն ձգողական լինի նաև իր համար:

Եվ այս պայմաններում հասարակական դաշտում եղած բևեռացումները, քաղաքական դաշտում իրար հետ անհաղորդ լինելը Սփյուռքում հարցականներ են առաջացնում»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը այնուամենայնիվ հակված է վստահելու Հայաստանի քաղաքացուն, որ եղած վայրիվերումների մեջ առողջ կկողմնորոշվի:

Նրա խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ իշխանություններն են, որ ավելի պատասխանատու են երկրում ստեղծված իրավիճակի համար, բայց ժողովրդավարությունն այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը, իրար հակադրվելով, կարողանան ժողովրդին ցույց տալ, թե որն է մնայունը, որը՝ անցողիկ:

Այս համատեքստում Արա Գոչունյանը նկատեց, որ Հայաստանն ունի առավելություն. ներկայիս իշխանությունները եկել են առանց աղմուկի․

«Եւ իշխանության բախտը բերեց այն հարցում, որ ընդդիմության մեջ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք հայոց պետականության ակունքներում իրենց դերակատարությունն են ունեցել: Ընդդիմության և իշխանության նպատակների կիզակետում պետք է լինի պետության հզորացումը: Յուրաքանչյուր շրջան ունեցել է իր թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, և հայոց պետականության երթն այդ օրերի հանրագումարն է: Հետադարձ հայացք կատարելն ու արժևորումներ կատարելը լավ է, լավ է նաև անցյալի բացթողումները, սխալները ի հայտ բերելը, որ դրանք ապագայում այլևս չկրկնվեն»,- ասաց նա:


Հռիփսիմե Հովհաննիսյան