Օրինական հիմունքներով Վրաստանում գտնվող և երկիրը լքել չկարողացող արտասահմանցիներն իրավունք կունենան մնալ Վրաստանում մինչև հուլիսի 31-ը

10:32 • 29.06.20

Վրաստանը թույլատրել է մինչև հուլիսի 31-ն օրինական կերպով երկրում մնալ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկիրը ժամանակին լքել չկարողացած արտերկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մարտի 14-ի դրությամբ օրինական հիմունքներով գտնվել են Վրաստանում և չեն կարողացել լքել երկիրը մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, իրավունք ունեն մնալ Վրաստանի տարածքում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, եթե նրանց` Վրաստանի տարածքում գտնվելը կապված է հետևյալ պայմանների հետ. պետությունը, որի քաղաքացին հանդիսանում է տվյալ մարդը, ներառված է բարձր ռիսկային գոտում, եթե սահմանային անցումները սահմանափակված են տվյալ պետության կողմից, եթե առողջության բերումով տվյալ մարդը գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ, եթե տվյալ մարդը չի կարող լքել երկիրը չվերթների չեղարկման պատճառով»,-ասված է Վրաստանի կառավարության հրամանագրի մեջ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ արտասահմանցիների` Վրաստանում գտնվելը չի կարող հիմք հանդիսանալ նրանց կացության իրավունք տրամադրելու համար: