Գրետա Թունբերգը հայտարարել է, որ Մերկելը Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովի ժամանակ իր հետ «սելֆի» անելու համար «հերթ է կանգնել»

15:34 • 29.06.20

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովում համաշխարհային առաջնորդները՝ այդ թվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «լավը երևալու համար» իր հետ «սելֆի» անելու համար «հերթ էին կանգնել», գրում է Insider-ը։

Կլիմայական շարժման 17-ամյա ակտիվիստուհին այդ մեկնաբանությունները հնչեցրել է շվեդական ռադիոյի հետ զրույցի ընթացքում, որի ժամանակ պատմել է իր հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժման մասին։

Ինչպես հայտնի է, Թունբերգը 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովում հանդես էր եկել տպավորիչ ելույթով՝ համաշխարհային առաջնորդներին մեղադրելով «իր մանկությունն ու երազանքները դատարկ խոսքերով խլելու համար»։

Թունբերգի խոսքով՝ հիշյալ միջոցառման ժամանակ Մերկելն իր հետ «սելֆի» անելու համար հերթ է կանգնել՝ հավելելով, որ «միայն Մերկելը չէ, շատ ուրիշները նույնպես»։

«Նախագահները, վարչապետները, թագավորները և արքայադուստրերը եկան և ցանկանում էին խոսել ինձ հետ։ Ինձ տեսնելով ենթադրեցին, որ կարող են ինձ հետ լուսանկարվել ու այն տեղադրել իրենց ինստագրամյան օգտահաշվում՝ #savetheplanet հեշթեգով»,- ասել է 17-ամյա ակտիվիստուհին։

«Գուցե այդ քայլը նրանց ստիպում է մոռանալ իրենց սերնդի անպատվությունը՝ հետագա բոլոր սերունդներին հիասթափեցնելը։ Երևի դա նրանց օգնում է գիշերը քնել»,- հավելել է Թունբերգը։