Սելեկտիվ աբորտների թեման շարունակում է մնալ մտահոգիչ, առաջարկում եմ ընդունել «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» օրենք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, քննարկվեց ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մասնակցության վերաբերյալ հարցը:
Հանձնաժողովի նախագահ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրբյանը նշեց, որ ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» կոմպոնենտը հանձնաժողովներին աջակցություն է պատրաստ տրամադրել մինչև 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում: Նրա խոսքով՝ նպատակն է հզորացնել ԱԺ պետական կառավարման համակարգում իր նոր և հիմնավորված ընդլայնված դերի շրջանակում օրենքների մշակման, վերհսկողականության և ներկայացուցչականության ապահովման առանցքային նպատակի իրականացման հարցում:
Զոհրաբյանը նշեց, որ Հանձնաժողովի երեք անդամ պետք է ընտրվի, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ ԱԺ ՄԱԿ այս կոմպոնենտի համատեղ գնահատման հանձնաժողովում: Զոհրաբյանը նշեց, որ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկ պատգամավոր պետք է ընտրվի դիմում հայտերի հետագա ուսումնասիրման համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընտրվեց Անի Սամսոնյանը, ԲՀԿ-ից Շաքե Իսայանը, «Իմ քայլից» Սարգիս Խանդանյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրեց, թե իրենք ինչ առաջարկներ ունեն: «Ատելության խոսքի մեր աշխատանքներում իրավաբան փորձագետի աջակցության կարիք կա, որը մեզ կաջակցի ձևակերպումների հարցում, քանի որ այդ օրենսդրության բարեհաջող ընդունման պարագայում անհրաժեշտ կլինի մյուս օրենքներում փոփոխություն մտցնել, այդտեղ ևս աջակցության կարիք կա»,- ասաց նա:
Մյուս գաղափարը, որ ներկայարցեց Կարապետյանը, դաշտային ուսումնասիրության աջակցությունն է՝ կապված եզդի աղջիկների իրավունքների, կրթության և մյուս իրավունքների շուրջ՝ որպես խնդիր վերցնելով վաղ ամուսնությունները և ինչ կարելի է անել, որ այդպես չլինի:
«Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է դրվելու շրջանառության մեջ, գուցե կրկին փորձագիտական անհրաժեշտություն լինի այդ օրենսգրքի մեր հանձնաժողովին համապատասխանելիության տեսանկյունից՝ ընտանեկան բռնության, երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Օրինակ, քրեական օրենսգիրքը համեմատենք Լանզարոտեի կոնվենցիայի հետ և այլն: Սրանք են հիմնական գաղափարները, որոնք քննարկել ենք»,- ասաց Մարիա Կարապետյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ քանի որ սելեկտիվ աբորտների թեման շարունակում է մնալ մտահոգիչ, իրեն դիմել են մի խումբ փաստաբաններ, որոնք առաջարկում են ընդունել չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենք: «Սելեկտիվ աբորտների արդյունքով Հայաստանը հայտնվել է բավականին տխուր ընկերակցության մեջ՝ Ալբանիայի և Ադրբեջանի հետ, մենք փորձեցինք օրենսդրորեն կարգավորել, բայց ես համաձայն եմ, որ առաջնորդվենք չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենք ունենալով»,- ասաց Զոհրաբյանը:
Այնուհետև հանձնաժողովը որոշեց գրավոր առաջարկների համար մեկ շաբաթ ժամկետ սահմանել։










