Անարդյունավետ կարանտինն ավելի մեծ պրոբլեմի է բերում, քան ընդհանրապես կարանտին չանելը․ Նիկոլ Փաշինյանը՝ համընդհանուր լոքդաունի պլան մշակելու մասին

19:04 • 29.06.20

Այս պահի դրությամբ մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները և դա միակ պաշտոնական կոչն է: Այս մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի կոչին՝ զերծ մնալ սրճարաններ, ռեստորաններ գնալուց:

«Առողջապահական համակարգի մեր գործընկերներին պետք է ճիշտ հասկանալ, որովհետև նրանք արդեն ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո: Այսօր շատ է հնչում առողջապահական համակարգի նկատմամբ մեղադրանքներ, բայց կորոնավիրուսի տարածման դեմ առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է, առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ»,-ասաց նա և նշեց, որ որքան շատ են հիվանդների թիվը, այնքան ծանրանում է առողջապահական համակարգի գործը:

«Մենք ասում ենք երեք բան՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարի՝ գիտակցված լոքդաունի կոչ անելուն, ապա Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ գիտակցված լոքդաուն ասելով՝ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրը պետք է դնի իրեն սահմանափակումների մեջ: Նա ասաց, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ անարդյունավետ կարանտինն ավելի մեծ պրոբլեմի է բերում, քան ընդհանրապես կարանտին չանելը:

«Մենք համատարած լոքդաունի մտադիր ենք գնալ միայն ծայրահեղ դեպքում և միայն այն պայմաններում, երբ համոզված լինենք, որ գիտենք մեխանիզմները, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու, եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, լոքդաունը կարող է ավելի շատ պրոբլեմ բերել: Բայց այսօր մենք համընդհանուր լոքդաունի պլան մշակում ենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ նման քայլի, բայց կա ավելի հեշտ արդյունավետ լուծում, դա մեզնից յուրաքնաչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,-ասաց նա: