«Իմ քայլ»-ը միակամ է, նրա նկատմամբ չկա և չի կարող լինել ճնշում, սա մեր առավելությունն է մնացածի հանդեպ. Տիգրան Ուլիխանյան (տեսանյութ)
Գույքահարկը ոչ թե մարդու վրա դրած հարկ է, այլ գույքի վրա դրած հարկ է և այդ գույքահարկը պետք է վճարվի` գույքի արժեքից ելնելով. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը:
«Իհարկե, կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք ունենան դժվարություններ։Ստեղծված աղմուկի մեջ կորում է այն տեղեկությունը, որ այնուամենայնիվ ավագանին ունի իրավունք հավաքագրվելիք գույքահարկի 10 տոկոսի չափով որոշմամբ՝ անհրաժեշտ և օբյեկտիվ պայմանների դեպքում, իրականացնել զեղչեր կամ վերացնել գույքահարկի գանձման չափը»,-նշեց պատգամավորը:
Տիգրան Ուլիխանյանը շեշտեց, որ գույքհարկի նոր դրույքաչափի ավելացումը սկսվելու է 2020 թվականի դեկտեմբերին և այս որոշումը պայմանավորված է օրենսդրությամբ, որովհետև օրենսդրությունը պահանջում է, որ օրենքը 6 ամիս շուտ ընդունվի, որպեսզի 6 ամիս հետո մտնի ուժի մեջ։
«Օրենքի չընդուման դեպքում, նախորդ տարվա ընդունված օրենքի շրջանակներում՝ կադաստրային արժեքը էականորեն մոտարկելով շուկայական արժեքին, քաղաքացիները ավելի շատ գույքահարկ կվճարեին: Դա տևելու է 6 տարի և այնքան սահուն է լինելու և դժվարություններ չի հարուցելու, որ բերելու է բազմապատիկ արդյունք, այն նույն քաղաքացիների համար, որովհետև այդ գումարները դառնալու են համայնքի տնօրինման առարկա, իսկ համայնքը կատարելու է սոցիալական ծախսեր, մարդկանց կյանքը և շրջապատը բարելավելու համար»,-նշեց Ուլիխանյանը:
Տիգրան Ուլիխանյանը նշեց, որ հնարավոր է վաղը խմբակցության արտահերթ նիստ լինի: Օրակարգում հավանաբար կլինի ուժի մեջ մտած սահմանադրության փոփոխոթյունների հարցը:
«Այսօրվա գործող Սահմանադրության տեքստի հետ կապված գուցե լինեն օրենքներ, որ համահունչ չեն լինի և անհրաժեշտություն առաջանա փոփոխության: Ցանկացած Սահմանադրական փոփոխություներից հետո այդ պահին արդեն ուժի մեջ մտած օրենքներն այդ պահին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխության հետ հակադրվում են, և անհրաժեշտություն է առաջանում այդ օրենքները բերել և համապատասխանեցնել այս օրենքի հետ»:
Հարցին, որ լուրեր են շրջանառվում, որ իրեն պատրաստվում են նշանակել պետական վերահսկողության ծառայության պետ, արդյոք նման հարց քննարկվե՞լ է վարչապետի հետ, Տիգրան Ուլիխանյանը նշեց, որ լուրերը շրջանառվում է, քանի որ մինչև Խորհրդարան տեղափոխվելը պետական վերահսկողության ծառայությունում է աշխատել և չի ցանկանում այլ մանրամասներ ասել, ինչ որ որոշվի դրա մասին տեղյալ կպահի, իսկ ինչ որ քննարկվել է, չի ցանկանում մեկնաբանել, քանի որ դրանք մասնավոր խոսակցություններ են:
Անդրադառնալով այն հարցին, որ խոսակցություններ կան, որ Սահմանադրական փոփոխությունների արտահերթ նիստի ժամանակ հունիսի 25-ին երկու պատգամավոր են մասնակցել, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով, բայց պարտադրված մասնակցել են նիստին, նա նշեց, որ դա բացառվում է.
«Իմ քայլը» պարտադրանքների չի ենթարկվում որևէ մեկի կողմից, այն միակամ է, որը արձանագրվում է փաստերով և ժամանակն է տալ այդ ասեկոսներին արժանի գնահատական և տեսնել այն, ինչ տեսանելի և ապացուցելի է: «Իմ քայլ»-ի նկատմամբ չկա և չի կարող լինել ճնշում, սա մեր առավելությունն է մնացածի հանդեպ և «Իմ քայլի» բացառիկության կարևոր արձանագրումն է խորհրդարանի ողջ պատմության մեջ». նշեց նա:










