Ֆիլիպիններում կորոնավիրուսային կարանտինի արդյունքում կարող է 214 000 «հավելյալ» երեխա ծնվել. The Guardian

13:00 • 29.06.20

Ֆիլիպինների իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար չափազանց խիստ կարանտինային ռեժիմ են սահմանել երկրում, ինչը կարող է հանգեցնել վերջին երկու տասնամյակում երկրում ծնելիության ամենաբարձր ցուցանիշի:

Ինչպես նշում է The Guardian-ը, մարտից սկսած կարանտինային սահմանափակումների պատճառով տուժել է ընտանիքի պլանավորման  ոլորտը, երկրում առաջացել է պահպանակների և այլ հակաբեղմնավորիչների զգալի պակաս: Կարանտինի ընթացքում ընտանիքի պլանավորման կենտրոնները փակ են եղել, ուստի դրանք չեն կարողացել հակաբեղմնավորիչներ բաժանել:

Աղբյուրը նկատում է, որ Ֆիլիպիններում կանանց զգալի մասը նախընտրում է ներարկվող հակաբեղմնավորիչներ, որոնք անցանկալի հղիությունից պաշտպանում են երեք ամսվա ընթացքում: Բազմաթիվ կանայք, որոնք պետք է ներարկման նոր չափաբաժինը ստանային ապրիլին, միայն հունիսին են այն ստացել, ինչը նշանակում է, որ չպլանավորած հղիությունների թիվը բարձր է լինելու:

Ըստ մասնագետների հաշվարկների՝ ընտանիքի պլանավորման ծառայությունից օգտվել չկարողացող կանանց թիվը կարանտինի ընթացքում ավելացել է 1/5-րդով՝ հասնելով 3 688 000-ի: Ֆիլիպինների բնակչության և ժողովրդագրության ինստիտուտի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսմամբ՝ կարանտինի ընթացքում տեղի ունեցած չպլանավորած հղիության արդյունքում հաջորդ տարի կարող է լույս աշխարհ գալ «հավելյալ» 214 000 երեխա:

Մինչդեռ աշխարհի մասշտաբով  այս ցուցանիշը, ըստ ՄԱԿ-ի, կարող է հասնել 7 մլն-ի: