Չինաստանը բողոք է հղել ԱՄՆ-ին չինական ընկերությունների նկատմամբ «անհիմն ճնշումների» պատճառով և կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել նմանատիպ պրակտիկան
Պեկինը բողոք է հղել ԱՄՆ-ին չինական ընկերությունների նկատմամբ «անհիմն ճնշումների» պատճառով և կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել նմանատիպ պրակտիկան: Այս մասին Չինաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հաղորդագրությունների ֆոնին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Չինաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
«Ինչ վերաբերում է անհիմն ճնշումներին, որն ամերիկյան կողմը գործադրում է չինական ձեռնարկատիրական ընկերությունների վրա, մենք բազմիցս ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Ցանկանում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ Միացյալ Նահանգները կրկին ու կրկին ընդհանրացնում է ազգային անվտանգության հայեցակարգը, չարաշահում է պետական իշխանությունը և ճնշում է գործադրում չինական առանձին ձեռնարկատիրական ընկերություննրի վրա, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին, որոնք Միացյալ Նահանգները միշտ գովում է: Չինաստանը վճռական բողոք է հայտնում այդ առնչությամբ»,-հայտարարել են Չինաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունում:
Չինաստանի արտգործնախարարությունում ընդգծել են նաև, որ «Պեկինը Միացյալ Նահանգներին կոչ է անում դադարեցնել անհիմն ճնշումը չինական ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև ապահովել ազնիվ, արդար և ոչ խտրական պայմաններ Միացյալ Նահանգներում չինական ընկերությունների բնականոն գործունեության համար»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը չինական 24 ընկերության ավելացրել է «սև ցուցակում»՝ վերջիններիս գործունեության պատճառով, որը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին:










