ԱՀԿ-ն փորձագետների է ուղարկում Չինաստան՝ կորոնավիրուսի ծագման աղբյուրը պարզելու համար

23:18 • 29.06.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների թիմ է ուղարկում Չինաստան՝ պարզելու համար, թե ինչպես է առաջացել կորոնավիրուսը: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Շատ, շատ կարևոր է իմանալ վիրուսի ծագման աղբյուրը: Մենք վիրուսն ավելի լավ կարող ենք հայտնաբերել, երբ ամեն ինչ իմանանք վիրուսի մասին, այդ թվում և թե ինչպես է այն առաջացել»,- ասել է Գեբրեյեսուսը:

Վերջինս հավելել է, որ հաջորդ շաբաթ փորձագիտական թիմ կուղարկեն Չինաստան այդ նպատակով:

Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ այցի արդյունքում «կհաջողվի հասկանալ, թե ինչպես է վիրուսն առաջացել և թե ինչ կարող ենք անել ապագայում»: