Հայտնիները՝ այդ թվում Խաղաղության նոբելյան մրցանակակիրները կոչ են անում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անվճար դարձնել

10:15 • 29.06.20

Աշխարհի ավելի քան 100 առաջնորդ՝ այդ թվում Խաղաղության 18 նոբելյան մրցանակակիր, նամակ է ստորագրել, որում միջազգային հանրությանը կոչ է անում հանուն «ընդհանուր բարեկեցության» COVID-19-ի դեմ պատվաստանյութը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մուհամեդ Յունուսի՝ Բանգլադեշում հիմնած Յունուս կենտրոնի հայտարարությանը։

«Դիմում ենք կառավարություններին, հիմնադրամներին, բարեգործական և հասարակական կազմակերպություններին ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրել և/կամ տարածել անվճար։ Կոչ ենք անում բոլոր սոցիալական, քաղաքական և բժշկական կազմակերպություններին հավաքական պատասխանատվություն ցուցաբերել առանց որևէ խտրականության խոցելի խմբում գտնվող անձանց պաշտպանության համար»,- ասվում է կենտրոնի կայքի հայտարարության մեջ։

Այս նախաձեռնությանը միացել են նաև նախկին նախագահներ, քաղաքական գործիչներ, աշխարհահռչակ արվեստագետներ և ռեժիսորներ, այդ թվում՝  Խաղաղության նոբելյան մրցանակակիր և ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, դերասաններ Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Շերոն Սթոունը և շատ ուրիշներ:

«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր առաջնորդներին՝ այդ թվում և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին, կրոնական, սոցիալական և հոգևոր առաջնորդներին, հետազոտական լաբորատորիաների և դեղագործական ընկերությունների ղեկավարներին, ինչպես նաև լրատվամիջոցներին համախմբել ջանքերը և այնպես անել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ունենալու դեպքում արդեն իսկ ձեռք բերված լինի համաշխարհային համաձայնություն, ըստ որի պատվաստանյութը պետք է «ընդհանուր բարօրությանը» ծառայի»,- նշվում է նամակում։