Չեխիայում երեք ամսվա մեջ առաջին անգամ մեկ օրում ավելի քան 300 նոր վարակակիր է հայտնաբերվել

12:23 • 29.06.20

Չեխիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 300 նոր դեպք է հայտնաբերվել․ ապրիլի 3-ին այստեղ գրանցված օրական 332 դեպքից հետո սա ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։

Նախարարությունը պարզաբանում է, որ նախօրեին երկրում հայտնաբերվել է 305 նոր դեպք, վարակակիրների թիվն արդեն 3-րդ օրն անընդմեջ ավելանում է։

Չեխիայում համավարակի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 11 603 դեպք, որից 348-ը՝ մահվան ելքով։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 10,2 միլիոն մարդ, որից 504 613-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը։