Վրաստանի խորհրդարանի առաջ միանգամից երկու բողոքի ակցիա է տեղի ունենում. ցուցարարները պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ռուրուային (լուսանկար)

13:41 • 29.06.20

Վրաստանի խորհրդարանի առաջ միանգամից երկու բողոքի ակցիա է տեղի է ունենում: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Ցուցարարները պահանջում են բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչ, «Գլխավոր ալիք» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուային: Բողոքի ակցիային մասնակցում են նաև Ռուրուայի ազգականները, ցուցարարները նրան քաղբանտարկյալ են համարում:

Երկրորդ ակցիան անցկացնում է «Ամոթ» շարժումը: Նրանք պահանջում են, որ խորհրդարանը հաստատի իշխանությունների և ընդդիմության միջև մարտի 8-ին կայացված համաձայնությունը և ընդունի սահմանադրական փոփոխությունները:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 8-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցրել էին երկրի ընտրական համակարգը: Ըստ ընդդիմության` համաձայնագրի կետ է կազմում նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Դրա հիմքով երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում էր շնորհել 2 բանտարկյալի, սակայն Ռուրուան ազատազրկված է մնացել:

«Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները պահանջում են Գիորգի Ռուրուայի ազատումը և մեղադրում են կառավարությանը մարտի 8-ի համաձայնությունը խախտելու համար, ինչի հիմքով չեն մասնակցելու այսօր կայանալիք քվեարկությանը: Ի դեպ, այսօր Վրաստանի խորհրդարանը ծրագրում է 3-րդ ընթերցմամբ ընդունել երկրի ընտրական համակարգին վերաբերող սահմանադրական փոփոխությունները:

Ռուրուայի կողմնակիցները հայտարարել են, որ անօրինական զենքը, որի համար նրան ձերբակալել են, նրա մոտ գցել են հենց ձերբակալելու նպատակով: