«Կանենք ամեն ինչ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում բացենք սահմանները». վրաց վարչապետը կոչ է արել չմոռանալ, որ տարածաշրջանի շատ երկրներում լուրջ համաճարակային բռնկում է
Վրաստանի կառավարությունը կանի ամեն հնարավոր բան, որ առաջին իսկ հնարավորության դեպքում զգուշորեն, սակայն բացի սահմանները: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է վրաց վարչապետ Գիորգի Գախարիան:
Մեկնաբանելով այն հարցը, որ Վրաստանը հուլիսից օգոստոս է տեղափոխել կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը, Գախարիան նշել է, որ չարտերային չվերթները Վրաստանի և Եվրամիության երկրների միջև իրականացվում են նաև այսօր:
«Այսօր թռչում են և՛ Բեռլին, և՛ Վիեննա, և՛ Ամստերդամ: Մենք կանենք ամեն ինչ, որ հենց հնարավորություն ունենանք, զգուշորեն բացենք սահմանները»,- ասել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով՝ կառավարության նման մոտեցման պատճառը «քաղաքացիների առողջությունն է»:
Վրաց վարչապետը կոչ է արել չմոռանալ, որ տարածաշրջանի շատ երկրներում լուրջ համաճարակային բռնկում է: Միևնույն ժամանակ վարչապետի կարծիքով Վրաստանի և ԵՄ հարաբերություններին տրանսպորտային առումով ոչինչ չի սպառնում:
«Կրկնում եմ միլիոն անգամ, որ մեր յուրաքանչյուր քայլ պայմանավորված է նախևառաջ մարդու առողջությամբ և այն ձեռքբերումներով, որ ունենք: Երբ, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրերի, վարակման նոր դեպքերը մեզ մոտ միանիշ թվերով են արտահայտվում, այլ երկրներում դրանք օրական հարյուրավորն են: Մենք պետք է հաշվի առնենք դա: Մենք պետք է իմանանք, որ այդ հնարավորությունը մեզ տալիս է մեր քաղաքացիների ճիշտ վարքագիծը, ինչպես նաև սահմանների և կարանտինային մեխանիզմների արդյունավետ վերահսկողությունը»,- հավելել է Գախարիան:
Հիշեցնենք, որ Վրաստանը միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը հետաձգել է մինչև հուլիսի 31-ը, սակայն որոշ ավիաընկերությունների համար սահմանը բացելու է հուլիսի մեկից:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 926 դեպք է արձանագրվել, որոնցից 15-ը՝ մահվան ելքով:










