Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020թ. խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով
Վրաստանի խորհրդարանը հունիսի 29-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Մասնավորապես, հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն, Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական:
Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ կսահմանվի 1%-ը, քաղաքական դաշինքների համար` որքան շատ կուսակցություն ներառված լինի դաշինքում, այնքան բարձր կլինի նրա համար անցողիկ շեմը:
Եթե հաղթող կուսակցությունը հավաքել է 40,45%-ից պակաս ձայն, այն չի ստանա պատգամավորական մանդատների կեսից ավելին, այսինքն՝ ավելին, քան 75 մանդատ: Հետևաբար, տվյալ դեպքում, հաղթող ուժը չի կարողանա միանձնյա կառավարություն ստեղծել, կարիք կլինի ստեղծել կոալիցիոն կառավարություն:
Կուսակցությունների գրանցման կանոնները պարզեցվել են: Այն կուսակցությունը, որը կկարողանա հավաքել 5000 ստորագրություն, իրավունք կունենա մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այդ պարտականությունից ազատվել է 19 կուսակցություն, որոնք կա՛մ որակավորում ունեն, կա՛մ էլ վերջին ընտրություններին 15 000-ից ավելի ձայն են հավաքել:
Եթե 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից բացի, մինչև 2024 թվականը կրկին խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, դրանք կանցկացվեն այս կանոններով, իսկ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արդեն ամբողջովին համամասնական եղանակով:
Օրինագիծն ընդունվել է 117 կողմ, 3 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 8-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցրել էին երկրի ընտրական համակարգը: Ըստ ընդդիմության` համաձայնագրի կետ է կազմում նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Դրա հիմքով երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում էր շնորհել 2 բանտարկյալի, սակայն ընդդիմադիր գործիչ Գիորգի Ռուրուան ազատազրկված է մնացել:
«Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները պահանջում են Գիորգի Ռուրուայի ազատ արձակումը և մեղադրում են կառավարությանը մարտի 8-ի համաձայնությունը խախտելու համար, ինչի հիմքով չեն մասնակցել այսօր կայացած քվեարկությանը:
Ռուրուայի կողմնակիցները հայտարարել են, որ անօրինական զենքը, որի համար նրան ձերբակալել են, նրա մոտ գցել են հենց ձերբակալելու նպատակով:










