Բաց տարածքում դիմակ դնելու պարտադրանքն անտրամաբանական է, հակառակը՝ պետք է թոքերը պարբերաբար օդափոխել. Գրիգոր Բադալյան (տեսանյութ)

15:08 • 29.06.20

Կորոնավիրուսի մասին դեռևս շատ բան անհայտ է, և պետք է հենվել բացառապես գիտականորեն ապացուցված տվյալների վրա. Հայաստանում իրավիճակը չափազանց լուրջ է, առայսօր շատերը չեն պահպանում անվտանգության կանոնները, կարևոր է նաև ճշգրիտ վիճակագրության դուրսբերումը, այն է՝ հնարավորինս լայնածավալ թեստավորումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Հայկական հակաքաղցկեղային լիգայի» նախագահ Գրիգոր Բադալյանը:

Ըստ բժշկի՝ հնարավոր չէ կռահել համավարակի երկրորդ կամ երրորդ ալիքի ժամկետները, բայց միանշանակ կարելի է բացառել, որ բոլորը կվարակվեն այս վիրուսով, քանի որ շատերի իմունիտետն ուժեղ է. «Մարդկության մեծամասնությունն այս վարակն անախտանիշ է տանում, այսինքն՝ իմունիտետն իր գործն անում է: Քաղցկեղ, շաքարային դիաբետ կամ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների իմունիտետն արդեն խոցված է, այդ պատճառով նրանք առանձնապես պետք է զգուշանան»:

Բժշկի պնդմամբ՝ վիրուսի հիմնական տարբերությունը գրիպից այն է, որ եթե գրիպն ախտահարում է վերին շնչուղիները, կորոնավիրուսը հյուծում է թոքային հյուսվածքները, և եթե իմունիտետը չկարողանա հաղթահարել այն, կառաջանա վիրուսային թոքաբորբ, որը կարող է հանգեցնել մահվան, եթե անգամ որևէ ուղեկցող հիվանդություն չկա. «Այս վիրուսի դեմ չկա դեղորայք: Դեքսամետազոնը փրկություն չէ, դա հորմոնալ դեղ է, որը չի կարելի օգտագործել առանց բժշկի նշանակման: Կարևոր է պահել ֆիզիկական ակտիվությունը. եթե մարդը մնում է տանը՝ շնչելով նույն օդը, դա հիվանդագին ֆոն է ստեղծում և ընկճում իմունիտետը: Պետք է գոնե տանը ֆիզիկական վարժություններ անել կամ դրսում հեծանիվ վարել»:

Գրիգոր Բադալյանի պնդմամբ՝ բաց տարածքում դիմակ դնելու պարտադրանքն անտրամաբանական է, հակառակը՝ թոքերը պետք է պարբերաբար օդափոխել. «Այսօր, ցավոք, վարակից պաշտպանվելու որևէ այլ միջոց չկա՝ ո՛չ պատվաստանյութ, ո՛չ դեղամիջոց: Դիմակը պարզունակ, բայց անհրաժեշտ լուծում է: Դիմակ դնելն այսօր հարգանքի նշան է դարձել, քանի որ այդ դեպքում անձն ավելի շատ դիմացինին է պաշտպանում, քան իրեն»:

Պրոֆեսորի պնդմամբ՝ այլ հիվանդություններ ունեցողներն այսօր լիարժեք բուժօգնություն ստանալու խնդիր ունեն, քանի որ հիվանդանոցները գերբեռնված են կորոնավարակիրներով: «Օրինակ, եթե ուռուցքը չարորակ է, այն անպայման պետք է վիրահատել, հետաձգելու տարբերակ չկա, բայց բարորակ ուռուցքների վիրահատության մեծ մասը կարելի է հետաձգել, կոնսերվացնել, դեղորայքային բուժում նշանակել: Այս վարակը տարածվում է նաև հիվանդանոցներում: Մարդուն անհնար է կափարիչի մեջ պահել, նա կարող է գնալ հիվանդանոց՝ որևէ հետազոտություն անցնելու, և այդտեղ վարակվել, բուժկենտրոններում պետք է խստացնել անվտանգության կանոնները»,- ասել է Բադալյանը՝ հավելելով. «Բուժօգնություն պետք է ստանա ցանկացած հիվանդ: Եթե բուժառուն չի գնում հիվանդանոց, նա պարտադիր պետք է լինի բժշկի հսկողության տակ՝ հեռավար կարգով»:



Դավիթ Սարգսյան