Ինտերպոլը չի դիտարկի Թրամփի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Իրանի հավանական դիմումը

21:39 • 29.06.20

Ինտերպոլը չի դիտարկի Իրանի դատական իշխանությունների հնարավոր հայտը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ինտերպոլի մամլո ծառայությունից հայտնել են, որ դա հակասում է կազմակերպության ներքին կանոններին:

«Ինտերպոլի սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որևէ միջամտություն կամ գործողություն անել»: Այդ իսկ պատճառով, եթե երբևէ նմանօրինակ դիմումներ ներկայացվեն գլխավոր քարտուղարություն, մեր սահմանադրության դրույթների համաձայն դրանք չեն դիտարկվի»,- հայտնել են կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թեհրանի դատախազը հայտարարել էր, որ երկրի դատական իշխանությունները ձերբակալման հրաման են արձակել Դոնալդ Թրամփի և այլ մի քանի տասնյակ անձանց համար, որոնք ներգրավված են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործում: Վերջինս զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի հետևանքով: