Կոտայքի մարզում գործող ԱԳԼՃԿ-ներից մեկում Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել

12:48 • 29.06.20

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները ստուգումներ են իրականացրել մարզի Քաղսի համայնքի տարածքում գործող Հ.Ա.Շ. բեստ ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերոնշյալ ԱԳԼՃԿ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերության կողմից խախտվել են ստուգաթերթերով նախատեսված հետևյալ կետերը։

Մասնավորապես՝ արտաքին հրդեհաշիջումն ապահովված չի եղել տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով։

Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով:

Նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԳԼՃԿ-ի տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման հստակ ժամկետներով։

Բացի այդ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման կարգի վերաբերյալ։