«Սպիտակամորթների կյանքերը նշանակություն չունեն». Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորն իր հայտարարության պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել
Հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Պրիյամվադա Գոպալը հրապարակավ արած վիճահարույց հայտարարության պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում: Կինը հայտարարել է, որ «սպիտակամորթների կյանքերը նշանակություն չունեն»:
Ինչպես նշում է eadaily.com կայքը, պրոֆեսորի թվիթերյան գրառումը բարկության ալիք է բարձրացրել ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտական շրջանակներում:
«Ես դա նորից կասեմ. սպիտակամորթների կյանքերը նշանակություն չունեն, ինչպես և սպիտակ կյանքը»,-գրել է կինը, որը մասնագիտացած է «գենդերի ֆենոմենի», ֆեմինիզմի և «կրիտիկական ռասաների» ուսումնասիրման գծով:
Հատկանշական է, որ մոտ 70 000 հետևորդ ունեցող միկրոբլոգում մեկնաբանությունների իրական տարափ է սկսվել: Հետևորդները պրոֆեսորին պատասխանել են տարբեր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն: Նրանք ծագումով հնդիկ մասնագետին անվանել են «ռասիստ» և «լավագույն դեպքում՝ հիմար», մինչդեռ մյուսներն էլ փորձել են «հասկանալ ու ներել նրան»:
Ինչ վերաբերում է Քեմբրիջի համալսարանի տնօրինությանը, ապա այն աջակցել է իր աշխատակցին՝ հանդես գալով խոսքի ակադեմիական ազատության օգտին և Գոպալի հասցեին հնչած սպառնալիքները «միանգամայն անթույլատրելի» որակելով:
Հիշեցնենք, որ մայիսից սկսած ԱՄՆ-ում նոր թափ են առել Black Lives Matter («Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն») շարժման անդամների բողոքի ակցիաները, որոնց նպատակը ռասայական խտրականության դեմ պայքարն է:










