Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության 3 պատգամավոր կորոնավիրուսով է վարակվել
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 3 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է turkishminute.com կայքը` հղում տալով կուսակցության հայտարարությանը:
Անցյալ շաբաթվա սկզբին խորհրդարանի մաքրությամբ զբաղվող աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ինչից հետո խորհրդարանի բոլոր պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Վարակված 3 պատգամավորների անունները չեն հաղորդվում:
«Մեր պատգամավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց մոտ ամեն ինչ լավ է»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ է հանդիսանում նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 197 239 դեպք, վարակման հետևանքով մահացել է 5097 մարդ:










