«Սպիտակների ուժ». Թրամփը Twitter-ում ռասիստական տեսանյութով է կիսվել, այնուհետև համընդհանուր քննադատության ֆոնին ջնջել այն

11:34 • 29.06.20

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կիսվել է մի տեսանյութով, որում սպիտակամորթ տղամարդը, տեսնելով Ֆլորիդայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին, բղավում է՝ «սպիտակների ուժ»: 

Ինչպես նշում է The Hill-ը, ռասիստական արտահայտության հեղինակը նախագահի աջակիցներից է: Տեսանյութում ներկայացված է Թրամփի՝ փողոց դուրս եկած ընդդիմախոսների և նախագահի աջակիցների կարճ «ընդհարումը»: Տեսանյութը սկսվում է նրանով, որ Թրամփի աջակիցները գոլֆի մեքենայով անցնում են ցուցարարների կողքով, որոնք մեքենայում գտնվողներին հայհոյում են, «նացիստ, ռասիստ խոզեր» անվանում: Դրան ի պատասխան Թրամփի աջակիցը բղավում է՝ «սպիտակների ուժ»:

Թվիթերյան տիրույթում մոտ չորս միլիոն դիտում հավաքած տեսանյութով կիսվելուց հետո նախագահը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ հայտարարելով, որ «ծայրահեղական ձախակողմյան ուժերը ոչինչ չեն անում, և որ այս աշնանը դեմոկրատները կտապալվեն»:

Նշվում է, որ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների քննադատությունից հետո Թրամփը ջնջել է տեսանյութը: