Նոնսենս է, որ մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու հեռուստաալիք, բայց ՀՀ ԱԳՆ-ն բանակցություններ է տանում, որ հայկական մուլտիպլեքսում ռուսական ալիքները ներառվեն. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

13:44 • 30.06.20

Աշխարհում մուլտիպլեքսների մեջ, նույն ՌԴ-ում, չկան ներառված որևէ այլ երկրի, նույնիսկ ամենադաշնակից, օրինակ՝ Հայաստանի, Բելառուսի հեռաուստաալիքներ, և նոնսենս է, որ մուլտիպլեքսը ներառում է որևէ օտարալեզու հեռուստաալիք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսալեզու ալիքների հնարավոր փակմանը:

«Ես այդ հարցը քննարկել եմ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: Որպեսզի պարզ լինի՝ ընդհանրապես ինչի մասին է խոսքը՝ գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի է ասել, ՀՀ ամենափոքր մասն է, մի քանի տոկոսն է կազմում, դրանք այն վայրերն են, որտեղ փաստացի գոյություն չունի Յուքոմ ցանցը, Ռոստելեկոմ ցանցը, ինտերնետային-հեռուստատեսային ցանցը: Մուտիպլեքս համակարգում ներառված են եղել այնպիսի հեռուստաալիքներ, ինչպես CNN-ը և ռուսական 2-3 հեռուստաալիք»,-ասաց Սիմոնյանը:

Նա ընդգծեց նաև, թե համագործակցությունը երկկողմանի պետք է լինի. «Այսինքն՝ երբ ինչ-որ հեռուստաալիքի մասին ենք խոսում, որը, ցանկալի է, որ մուլտիպլեքսում ներառված լինի, նաև պետք է լինի այդ հեռուստաալիքի կողմից ներկայացված լինելու ցանկություն և պատրաստակամություն»,-նշեց նա:

Սիմոնյանը նշեց, թե իր տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն բանակցություններ է տանում, որ, այնուամենայնիվ, հայկական մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքները ներառվեն:

«Բայց, այնուամենայնիվ, մեր բոլորի տանն օգտագործում ենք ինտերնետի հիման վրա՝ «կաբելային» հեռուստուստատեսություն, և այն ծածկույթը, որի մասին խոսում ենք, կարելի է ասել այն մասերն են, որտեղ համացանցի հետ կապված խնդիրներ կան, դա էլ չգիտեմ՝ քանի տոկոսն է կազմում»,-ասաց Սիմոնյանը: