Տպավորություն է ստեղծվում՝ գործ ունենք դատական նիստերն անհնարին դարձնելու նոր մոտիվի հետ. դատախազը՝ Քոչարյանի պաշտպանների՝ նիստերի դահլիճում հեռավորություն ապահովելու պահանջի մասին

14:19 • 30.06.20

Այն, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահվի ու դրա համար հնարավորինս պետք է պայմաններ ստեղծվեն, վիճելի չէ, բայց քննարկումը, որն այս հարցի շրջանակներում իրականացվում է ճշտի և սխալի, և այդ սոցիալական հեռավորության պահանջն ապահովելու շրջանակում, տպավորություն է ստեղծում, թե մենք գործ ունենք դատական նիստերն անհնարին դարձնելու նոր մոտիվի հետ, որովհետև խոսում ենք արդեն դատական նիստերի դահլիճն ախտահանելու վիճակագրության մասին: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Նշենք, որ ի պատասխան պաշտպաններից Արամ Վարդևանյանի հարցին, թե արդյոք ախտահանվում է նիստերի դահլիճը, դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ կիրակի է ախտահանվել, որքան տեղյակ է և բացի այդ դատական նիստերի դահլիճը չի կարող ամեն նիստից հետո ախտահանվել, քանի որ դրա հնարավորությունը չկա, քանի որ առանց դադարների նիստեր են լինում:

«Մենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում ապրում ու աշխատում ենք արդեն մի քանի ամիս և այդպիսի հարցեր չգիտես ինչու չէին քննարկվում: Ես գտնում եմ, որ սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավոր սահմաններում դրանք պետք է ապահովվեն, բայց պահանջը, թե ինչպիսի տարածքով պետք է ապահովել, ճիշտ չէ: Ես առաջարկում եմ դատարանին իր հնարավորության սահմաններում քննարկել սոցիալական հեռավորությունը եղածից ավելի լավ պահելու հնարավորություն ստեղծելու հարցը և դատական նիստը շարունակել»,- ասաց նա: