Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվել է, դատարանը կփորձի ապահովել սոցիալական հեռավորություն

14:23 • 30.06.20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, մինչև տեխնիկական առումով շտկումներ կարվեն և դատավարության մասնակիցների համար կապահովվի սոցիալական հեռավարությունը:

Արդեն տեղեկացրել ենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ կոնտակտավոր է և կորոնավիրուսի թեստ է հանձնել: Դատավորն էր հետարքրքվեց դատավարության կողմերից, արդյոք շարունակեն դատական նիստը թե ոչ: Քոչարյանի պաշտպաններից Ալումյանը նշեց, որ եթե ապահովվի պարետատան կողմից սահմանված սոցիալական հեռավորությունը, ինքը դեմ չէ, որ Խաչատուրովի պաշտպանը մասնակցի նիստին:

Ապա Արամ Վարդևանյանը հետարքրքվեց, թե երբ է ախտահանվել նիստերի դահլիճը, ինչին ի պատասխան՝ Դանիբեկյանն ասաց, որ կիրակի օրը:

Մեղադրող կողմն էլ, ի դեմս դատախազ Գևորգ Բաղդասարյանի, նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք դատական նիստերն անհնարին դարձնելու նոր մոտիվի հետ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստն ընդմիջեց, նշելով, որ եթե տեխնիկական մասը հաջողվի ապահովել՝ նիստը կշարունակվի։