«Մենք աշխատում ենք ԵՄ-ի հետ, որպեսզի ներառվենք անվտանգ երկրների վերջնական ցուցակում, մեր երկիրը համապատասխանում է բոլոր չափանիշներին». Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ Վրաստանը լիովին համապատասխանում է անվտանգության բոլոր չափանիշներին` Եվրամիության անվտանգ երկրների վերջնական ցուցակում ընդգրկվելու համար: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
Թուրնավան նշել է, որ այդ ցուցակում հայտնվելու համար ամենակարևոր չափորոշիչը երկրի համաճարակային անվտանգության ապահովումն է:
«Մենք աշխատում ենք Եվրամիության հետ, որպեսզի ներառվենք ԵՄ բոլոր անդամների կողմից հաստատվող անվտանգ երկրների վերջնական ցուցակում: Մենք բոլոր չափանիշներով անվտանգ երկիր ենք: Առաջին չափորոշիչը երկրի համաճարակային անվտանգության ապահովումն է և երկրի հուսալիությունը: Մենք Եվրամիության հետ շարունակելու ենք աշխատել այն գործընթացների շուրջ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ցուցակի վրա, բայց ամենակարևորն այն է, որ մենք այդ ցուցակում լինելու ենք»,-նշել է Թուրնավան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եվրամիությունը հայտնել է, թե որ երկրների քաղաքացիների մուտքը հուլիսի մեկից կթույլատրվի ԵՄ տարածք, Վրաստանն այդ երկրների ցանկում է, սակայն վերջնական ցանկը դեռ չի հաստատվել:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 928 դեպք, վարակման հետևանքով մահացել է 15 մարդ:










