Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր ընկել է ձորը. կան տուժածներ

11:32 • 30.06.20

Հունիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ փրկարարները նրանց մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վարորդը տեղափոխվել է ԲԿ, իսկ ուղևոր Անահիտ Գ․-ն հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի մյուս ուղևորներ Սիրան Մ․-ին, Եսայի Թ․-ին և Լիլիթ Թ․-ին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։