Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ հնարավոր է ինքը կորոնավիրուսով է վարակված:
«Այն անձի մոտ, ում հետ ես շփվել եմ, երեկ է հաստատվել թեստի պատասխանը: Այն կենտրոնում, որտեղ թեստ եմ հանձնել, ասել են՝ միգուցե շուտ եք հանձնել թեստը, լավ կլինի 7 օր հետո էլի կրկնեք, հիմա դատարան մտնելուց ջերմաչափվեցի 36,9 էր: Այս ամեն ինչը ներկայացնում եմ, որ քննարկվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ մասնակցեմ նիստին»,- ասաց նա:
Միհրան Պողոսյանը նշեց, որ այդ մարդու մոտ վիրուսի առկայությունը հաստատվելուց հետո իր հետ չի շփվել, բայց երբ ախտանիշներ ուներ, շփվել է, քանի որ նույն կենտրոնում են աշխատում: «Ուրբաթ, շաբաթ, երկուշաբթի շփվել եմ, երկուշաբթի երեկոյան պարզվեց՝ վարակակիր է»,- ասաց նա:










