Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

15:45 • 30.06.20

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ 20 րոպե ընդմիջում են խնդրում:

Նշենք, որ նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանաավորված՝ ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցմանը Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի՝ առաջին առաջադրումը կատրավելու է՝ ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Նախագիծը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց, որ պետաիրավական հանձնաժողովում իր առաջարկներն ընդունվել են: «Հանվել է՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները ժամանակավորապես կատարողը, այդ մասին կազմում է արձանագրություն»,-ասաց նա:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերի կարգավորման առարկայի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է ՍԴ այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են Սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր երկու՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: