ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգ
ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոնկոնգի նկատմամբ սահմանվում են այն նույն սահմանափակումներն, ինչ՝ Չինաստանի դեպքում:
«Միացյալ Նահանգները ստիպված է գնալ նման քայլի ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Մենք այլևս չենք կարող տարբերություն դնել դեպի Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստան ապրանքների արտահանման միջև: Մենք չենք կարող ռիսկի դիմել և թույլ տալ, որ Հոնկոնգ մատակարարվող ապրանքները հայտնվեն Չինաստանի Ազգային ազատագրական բանակի վերահսկողության տակ»,-հայտարարել է Պոմպեոն:
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Պեկինը որոշել է Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրենք ընդունել, որը, Վաշինգտոնի պնդմամբ, խախտում է Հոնկոնգի ինքնավարության իրավունքներն ու ազատությունները:
«Հաշվի առնելով, որ Չինաստանը Հոնկոնգին վերաբերվում է «Մեկ երկիր, մեկ համակարգ» սկզբունքով, ապա մենք այս կերպ կվարվենք: Միացյալ Նահանգներն այլ միջոցներ ևս կձեռնարկի՝ ամեն բան Հոնկոնգում առկա իրողություններին համապատասխանեցնելու նպատակով»,-պարզաբանել է Պոմպեոն:
Չինաստանի գերագույն օրենսդիր մարմնի՝ մայիսի 28-ին ընդունած որոշմամբ հատուկ Հոնկոնգի համար ազգային անվտանգության օրենք է մշակվել, որում հստակ ամրագրված են Չինաստանի կենտրոնական կառավարության պարտավորությունները՝ կապված Հոնկոնգի ազգային անվտանգության ապահովման հետ:
Օրենքում նաև դրույթներ են ամրագրվել, որոնցով պետք է Հոնկոնգում կանխարգելվեն ու պատասխանատվության ենթարկվեն անջատողական գործունեություն ծավալելու, պետական իշխանությունը խարխլելու, ահաբեկչական գործունեություն ծավալելու, արտաքին ուժերի և պետությունների հետ դավադրություններ կազմակերպելու դեպքերով:
Օրենքում ամրագրված այս դրույթները սուր քննադատության են արժանացել թե՛ Հոնկոնգում և թե՛ Արևմուտքում:
Վաշինգտոնից նման հայտարարություններ հնչում են Չինաստանի հասցեին քննադատության սրվելու պայմաններում, ինչն աղբյուրը պայմանավորում է նախագահ Թրամփի՝ առաջիկա ընտրություններում վերընտրվելու ուղղությամբ ձեռնարկած քայլերով: Ըստ այդմ, վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ ընտրողները բացասական են տրամադրված Չինաստանի նկատմամբ, հատկապես՝ կորոնավիրուսի պատճառով, քանի որ այն հենց Չինաստանից էր սկսել տարածվել, ինչից էլ փորձում է օգտվել Թրամփը:










