ԱՄՆ-ը, հնարավոր է, կարողանա Թուրքիայից ձեռք բերել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը

03:59 • 30.06.20

ԱՄՆ-ը, միգուցե, հնարավորություն ստանա Թուրքիայից ձեռք բերել ռուսական արտադրության ЗРК С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ 2021թ-ի պաշտպանական բյուջեի հատկացումների մասին օրենքում առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Defense News-ը:

Ըստ այդմ, նմանատիպ փոփոխություն է առաջարկել հանրապետական սենատոր Ջոն Թյունը: Մյուս կողմից՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջին Ռիշը, որը Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության սուր քննադատներից է ԱՄՆ-ում, իր հերթին առաջարկում է փոփոխություն կատարել, որով Թրամփի վարչակարգը հնարավորություն կստանա օրենքի ընդունումից հետո 30-օրյա ժամկետում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել են 2019թ-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ, ընդհանրապես, դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չպահեց և շարունակեց բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-երի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Միացյալ Նահանգներն էլ թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու հարցում, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չգնաց: