Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ոչ միայն այս տարվա, այլև 2021 թվականին կայանալիք Ժնևի միջազգային ավտոսրահը

10:46 • 30.06.20

Միլիոնավոր ավտոսիրողների ամենասպասված միջոցառումներից մեկի՝ Ժնևի միջազգային ավտոսրահի կազմակերպիչները որոշում են կայացրել կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել 2021 թվականին կայանալիք շոուն, հայտնում է interfax.com.ua կայքը՝ հղում տալով շվեյցարական լրատվամիջոցների տեղեկություններին։

«Ցուցադրության մասնակիցներից շատերը հայտնել են, որ հնարավոր է, որ չմասնակցեն 2021 թվականի շոուին, սակայն կցանկանային ներկա գտնվել 2022 թվականի միջոցառմանը... Մենք հրաժարվել ենք 2021 թվականին ավտոսրահ կազմակերպելու մտքից»,- ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։

Ենթադրվում էր, որ շոուն պետք է տեղի ունենար 2021 թվականի մարտին։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ծրագրված ավտոսրահը նույնպես չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Դեռևս այդ ժամանակ կազմակերպիչներն ընդգծել էին, որ նման որոշումը կապված է Շվեյցարիայի կառավարության պահանջի հետ, ըստ որի նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մինչև մարտի 15-ը պետք է չեղարկվեին բոլոր այն միջոցառումները, որոնց հնարավոր է, որ 1000 հոգուց ավելի մարդ մասնակցեր:

Անցած տարի Ժնևի միջազգային ավտոսրահ ավելի քան 600 000 մարդ է այցելել:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Շվեյցարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 31 652 դեպք, որից 1 962-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ընդհանուր ապաքինվել է 29 100 մարդ։