Իտալական Լոմբարդիան երկրի միակ շրջանն է մնացել, որտեղ բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է
Իտալական Լոմբարդիա շրջանը երկրի միակ շրջանն է մնացել, որտեղ կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Այս շրջանի ղեկավար Աթիլիո Ֆոնտանան հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ անհատական պաշտպանության այս միջոցի օգտագործումը երկու շաբաթ ժամկետով երկարաձգվում է հյուսիսիտալական այս շրջանի բնակիչների համար։ Բացառություն է արվել միայն ակտիվ սպորտով՝ հիմնականում բաց տարածքում վազքով կամ արագ քայլքով զբաղվողների համար։
«Այժմ շոգ է, շատ շոգ է, սակայն վարակաբանների կարծիքով՝ դեռևս վարակումը կանխելու համար անհրաժեշտ է զգուշավորություն դրսևորել և դիմակ կրել։ Չնայած որ դա անհարմար է, հատկապես այս հուլիսյան շոգին, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է մինչև հուլիսի 14-ը շարունակել դիմակ կրել։ Ինչպես տեսնում եք, ես նույնպես կրում եմ, զոհողության եմ գնում»,- նախօրեին ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է Լոմբարդիայի ղեկավարը։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Լոմբարդիայում է գրանցվել նոր տեսակի կորոնավիրուսով երկրում ընդհանուր վարակման դեպքերի 40 և մահվան ելքով դեպքերի 48 տոկոսը։
Ֆոնտանան ընդգծել է, որ ձեռքերը հաճախ լվանալը, սոցիալական հեռավորությանը հետևելը և դիմակ դնելը թույլ են տվել հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների թիվն էապես նվազեցնել, մասնավորապես՝ օգնել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ծանրաբեռնվածությունը թուլացնելու հարցում։










