ԱՄՆ օրենսդիրները Թրամփից բացատրություն են պահանջում Ռուսաստանի կողմից գաղտնի առաջարկված պարգևատրումների հարցով
Ամերիկացի դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները երկրի նախագահ Դոնալդ Թրամփից պատասխան են պահանջում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ ՌԴ ռազմական հետախուզության ստորաբաժանումներից մեկը գաղտնի պարգևատրում է խոստացել «Թալիբան» շարժման հետ կապված գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկյան և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար:
Այս մասին գրում է The Hill-ը՝ նկատելով, որ այժմ նախագահից պատասխան են պահանջում անգամ իր իսկ կուսակիցները, որոնք, որպես կանոն, չեն ընդհարվում Թրամփի հետ:
Հայտնի է, որ նախագահն ի պատասխան սկանդալային հրապարակմանն ասել էր, որ ինքը մեղավոր չէ և պատասխանատվություն չի կրում, քանի որ հետախուզությունն իրեն այդ մասին չի զեկուցել:
Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ ներկայացուցիչները, «անհանգստացնող և ահավոր» որակելով Ռուսաստանի գործողություները, նշել են, որ Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ բացատրություն տա:
Նշենք, որ Թրամփը «պատվիրված» է անվանել The New York Times-ի հոդվածն այն մասին, որ ռուսական հետախուզությունն, իբրև թե, պարգևատրում է խոստացել «Թալիբան» շարժման գրոհայիններին Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակվելու համար:
«Հավանաբար, դա The New York Times-ի հերթական «պատվիրված» հոդվածն է, ինչպես եղել էր Ռուսաստանի մասին անհաջող կեղծ հայտարարության (2016-ի ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի և Մոսկվայի միջև պայմանավորվածության վերաբերյալ) դեպքում: Ո՞վ է նրանց աղբյուրը»,- ԱՄՆ առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում:
«Ոչ ոք չի զեկուցել ինձ, փոխնախագահ Մայք Փենսին կամ Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Մարկ Մեդոուսին Աֆղանստանում մեր զորքերի դեմ այսպես կոչված՝ ռուսական հարձակումների մասին, ինչպես հայտնել է «անանուն աղբյուրը» The New York Times կեղծ ԶԼՄ-ի միջոցով: Բլորը դա հերքում են, բացի այդ, մեր դեմ առանձնապես հարձակումներ շատ չեն եղել»,- հավելել է Թրամփը:










