Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի գիտնականը նախազգուշացրել է կորոնավիրուսի հավանական բռնկումների մասին
Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի գիտնական Շի Չժենլին գործընկերոջ՝ Ցույ Ցզեի հետ միասին SARS տեսակի վիրուս է հայտնաբերել և զգուշացրել կորոնավիրուսի հավանական բռնկումների մասին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Չժենլիի խոսքով՝ այն, ինչ գիտնականներն այսօր հայտնաբերել են, միայն սառցաբեկորի վերնամասն է: Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականները նշել են, որ կորոնավիրուսները զարգանում են և հետևաբար ավելի հեշտ են փոխանցվում չղջիկներից մարդկանց:
Վիրուսաբանի կարծիքով՝ մարդիկ ավելի հաճախ են ներխուժում բնության աշխարհ, իսկ վայրի կենդանիների տեղափոխման հետ մեկտեղ պայմաններ են ստեղծվում հիվանդությունների տարածման համար: Ներկա պահին չղջիկները կորոնավիրուսների 6 բռնկման պատճառ են դարձել, այդ թվում և «Քովիդ-19»-ի:
Գիտնականին հաջողվել է շուրջ 1500 տարբեր տեսակի կորոնավիրուսներ հայտնաբերել չղջիկների օրգանիզմում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»:










