Ներկայումս պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր, որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտ 2000-2500. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
Ներկայումս մենք պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր, որոնք կբավարարեն ՀՀ-ում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտ 2000-2500:
Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Ինստիտուտում, նշենք, սկսվել և իրականացվում է կորոնավիրուսային թեստերի արտադրություն:
«Թեստերի արտադրության համար անհրաժեշտ բոլոր նյութերը մենք ստացանք մայիսի 14-ին, որից հետո սկսեցինք աշխատաքները: Այս մեկուկես ամսվա ընթացքում կատարվել է նախաարտադրական պրոցեսների շտկում, լաբորատոր փորձարկումներ և փոքրածավալ խմբաքանակի արտադրություն, որն ուղարկվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ փորձարկման»,-ասաց նա՝ նշելով, թե փորձարկման պատասխաններն ստացվել են, և թեստերը երաշխավորում են օգտագործել:
Նա նշեց, թե այդ ամենից բացի, ինստիտուտը շարունակում է գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, և այն քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են հետագայում դեղամիջոց դառնալ:










