Հայաստանի տուրիզմի ոլորտում անարխիա է տիրում. Զբոսաշրջության պետական կոմիտեն անգործության է մատնված (տեսանյութ)
Տուրիզմը զարգացնելու համար վերջին երկու տարվա ընթացքում որևէ գործիքակազմ չի ներդրվել, քաղաքական որոշում չի կայացվել։ Նման տեսակետ է հայտնել «Արշավներ ակումբ»-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը՝ հյուրընկալվելով «Արմնյուզ» ՀԸ «Դռնից ներս» հաղորդմանը։
«Հեղափոխությունից հետո տուրիսատական կազմակերպությունները հաճախորդների կտրուկ աճ են արձանագրել, բայց դա պայմանավորված է եղել փաստով, որ սփյուռքի բազմաթիվ հայեր եկել են զուտ թավշյա Հայաստանը տեսնելու նպատակով, իսկ իրականում տուրիզմը զարգացնելու համար վերջին երկու տարվա ընթացքում որևէ գործիքակազմ չի ներդրվել, քաղաքական որոշում չի կայացվել»,- ասել է «Արշավներ ակումբ»-ի հիմնադիր տնօրենը:
Ռուբեն Բաղդիշյանն ընդգծել է, որ հակամաճարակային որևէ ծրագիր, առաջարկություն պետությունը չի արել, չկա նաև հեռանկարային ռազմավարություն: Երկրում տուրիզմով ավելի քան 30.000 գործարար է զբաղվում, բայց ոլորտի հետ առնչություն ունի մոտավորապես 200.000 մարդ ինչպես օրինակ՝ Գառնիում գաթա, չիր պատրաստող կանայք: Նրա համոզմամբ ամբողջ համակարգը կոլապսի մեջ է, քանի որ Զբոսաշրջության պետական կոմիտեն անգործության է մատնված: Ռուբենի պնդմամբ՝ դա կարելի է պարզել նույնիսկ մեկ հայացք նետելով կառույցի ֆեյսբուքի էջին, որն ուշ-ուշ է թարմացվում. կոմիտեն ձեռքը չի պահում զբոսաշրջության անցուդարձի զարկերակին:
Քաոսային իրավիճակից դուրս գալու համար բիզնեսմենը փնտրում է պետության շունչը, որը գրագետ և ճիշտ կառավարելու դեպքում կկարողանա ձեռք մեկնել տուրիստական գործակալություններին: Այս ոլորտում որևէ վերահսկողություն չի սահամանվում: Ցանկացած ոք կարող է հայտարարել, որ զբոսավար է և երկիր այցելող զբոսաշրջիկին թերի գիտելիքներով խեղաթյուրված ներկայացնել հայոց պատմությունը, իսկ դա Ռուբենի կարծիքով, ազգային անվտանգության հարց է:
«Ես չգիտեմ՝ գոհ մարդ զբոսաշրջության կոմիտեից: Ամեն դեպքում իմ շրջապատում չկա: Չեմ տեսնում այնպիսի աշխատանք, որ մեզ՝ զբոսաշրջության ոլորտի աշխատողներիս համար, կոմիտեն օգտակար եղած լինի: Ամեն մարդ իր գլխի ճարը ոնց հասցնում տեսնում է: Ոլորտն անտեսված է միանշանակ: Այս ոլորտում չեմ վարանի ասել՝ անարխիա է տիրում, ոչ ոք չկա, որ խախտումով աշխատողների ձեռքը բռնի ու դեմն առնի: Եթե ՊԵԿ-ը դուրս գա ստուգումներ անելու, կտեսնի, որ շատերն անգամ իրավաբանական անձինք չեն: Ինչ-որ մեկը տանը պարապ նստած ֆեյսբուքի էջ ունի, մեկ-երկու լուսանկար է համացանցից ներբեռնում, ֆոտոշոփով վրան հայտարարություն գրում ու սկսում է տուրիստներ որսալ: Օրինակ՝ մի շարք կազմակերպություններ պնդում են, որ ախտահանում են իրենց մեքենաները, իսկ արդյոք դա իրականությանը համապատասխանում է, զբոսաշրջիկը վստահաբար իմանալ չի կարող: Չկա որևէ գերատեսչություն, որ պատասխանատվություն կկրի դրա համար»,- համոզված է Ռուբեն Բաղդիշյանը:










