Կոնգոյում գաղութային կառավարման ավարտի 60-րդ տարեդարձի կապակցությամբ բելգիական քաղաքն ապամոնտաժել է նախկին թագավոր Լեոպոլդ Երկրորդի կիսանդրին (լուսանկարներ)
Կոնգոյում գաղութային կառավարման ավարտի 60-րդ տարեդարձի կապակցությամբ Բելգիայի Գենտ քաղաքում հեռացվել է նախկին թագավոր Լեոպոլդ Երկրորդի կիսանդրին, գրում է South China Morning Post-ը։
Վերջին շրջանում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ռասիզմի դեմ ամբողջ աշխարհում իրականացվող ցույցերը նոր լիցք են հաղորդել Լեոպոլդ Երկրորդի հուշարձանները հեռացնելու համար պայքարող ակտիվիստներին։
Գենտում Լեոպոլդ Երկրորդի արձանը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել, և վերջին շրջանում վերսկսված բողոքի ցույցերի ֆոնին քաղաքային իշխանությունները որշում են կայացրել ապամոնտաժել կիսանդրին։
Հաղորդվում է, որ միապետի կիսանդրին վերամբարձ կռունկը բարձրացրել է ներկաների ծափահարությունների ներքո։
Պարբերականը նշում է, որ միապետի կիսանդրու ապամոնտաժումը տեղի է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի՝ Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդիին ուղղված նամակի հրապարակումից ժամեր անց, որում միապետը դատապարտել է Կոնգոյում Լեոպոլդ Երկրորդ թագավորի ժամանակաշրջանում իրականացված բռնություններն ու դաժանությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը նամակ է հղել Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդիին՝ Բելգիայից երկրի անկախության ձեռքբերման 60-ամյակի կապակցությամբ և իր ափսոսանքն է արտահայտել «անցյալի վերքերի կապակցությամբ, որոնց ցավն այսօր առաջվա պես զգացվում է, քանի որ խտրականությունը մեր հասարակության մեջ չի ոչնչացել»։
«Որպեսզի ամրապնդենք մեր հետագա կապերը և զարգացնենք արդյունավետ համագործակցությունը, մենք պետք է մեր ընդհանուր անցյալի մասին միմյանց հետ խոսենք ամենայն անկեղծությամբ և անմիջականությամբ»,- գրել է Բելգիայի թագավորը։
Ֆիլիպ թագավորը Լեոպոլդ Երկրորդի ժառանգն է: Ինչպես նշում Է La Libre Belgique պարբերականը, նա առաջին իշխող միապետն է, որն ափսոսանք է հայտնել այդ հարցի կապակցությամբ:
Բելգիայի ներկայիս սերունդը Լեոպոլդ Երկրորդ թագավորին մեղադրում է ստրկացված Կոնգոյի բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը հանգեցրել է տեղի բնակչության ցեղասպանությանը՝ խլելով մինչև 15 միլիոն մարդու կյանք։












